Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մայրաքաղաք. պայթեցման քրոնիկոն

Մայրաքաղաք. պայթեցման քրոնիկոն
11.11.2016 | 11:40

ՆԱԽԵՐԳԱՆՔ-ՑՈՒԳՑՎԱՆԳ


2016 թվականի նոյեմբերի 1-ին (երբ ցուրտ էր քաղաքում և առաջին ծխնելույզները մեղմիկ ավետում էին ձմռան վաղ գալուստը), մթնշաղից քիչ առաջ, ձեռնոց նետվեց քաղաքամայր Երևանին: (Ձեռնոցը, հիշեք, կրտած խոզի կաշվից էր կարված): Ձեռնոց նետվեց, դղրդաց և հիմնահատակ փլուզվեց մեր հարազատ քաղաքի լինելության հերթական թանկ վկան: Հասարակությունը Երևանում և հանրապետությունում տնքաց անզոր զայրույթից: Զի հերթական անգամ մեզ մեջքից դաշունահարեցին, այս դեպքում՝ անսպասելի և անկասելի:
Պետական ատյաններն իրենց գրասենյակային շքեղությանն ու տիտղոսային պերճությանն արժանի բարձունքում էին և ապահովեցին խոզակաշվե ձեռնոցի մարտահրավերի օրինականությունը՝ բավականին քնարական ձևաչափում.


ա) Արդյոք շրջակա բազմահազար բնակչությունը պատշաճ ձևով իրազեկվա՞ծ էր, որ մայրաքաղաքի բարգավաճման նպատակով պայթյուն է որոտալու:
բ) Գրողը տանի, մի՞թե պայթեցնողը նախապես չէր ապահովել պայթեցմանը նպաստող բոլոր անհրաժեշտ իրավական փաստաթղթերի ամբողջական փաթեթը:

Այսպիսով, Երևանի վերջնագրային ձևախեղման նոր մշակույթ է ձևավորվում: Ոմն սեփականատեր, անունը, դիցուք, ասենք, Վռամ, միտք է հղացել Երևանի սրտում, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան հիմքերի վրա երգեհոնատիպ մի երկնաքեր հյուրանոց կառուցել: Վռամը գաղտագողի նախ՝ կսեփականացնի վերոնշյալ խորհրդավոր տունը: Հետո Վռամը կպատրաստի անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթն ու պատշաճորեն կիրազեկի նախ շրջակա բնակչությանը, այնուհետև երկրի կառավարությանը և վերջապես՝ համայն հայությանը՝ այսինչ օրը և ժամին այսինչ հօդս է ցնդելու Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտական տունը:


Հ. Գ. Ընդառաջելով շրջակա բնակչության, երկրի կառավարության և համայն հայության թախանձանքին՝ Վռամը վեհասիրտ կխոստանա երգեհոնատիպ երկնաքեր հյուրանոցը անվանակոչել HOTEL ANTUNI:

ՎՍԵՄԱՇՈՒՔ ՀԵՏԱԳԾԵՐԸ ԲԱԶՄԱԲՈՒՅՐ
(այգաբացին հողմը հուշերի եզերքում է)


Երևանի մասին արդյոք կա՞ օրենք: Երևանի մասին այսօր պետք է լինի առանձին գլխավոր օրենք, մայրաքաղաքի սահմանադրություն: Հակառակ պարագայում քաղաքը կսրբագրվի և երկու, երեք տարի անց կդառնա ահա սա. «Չի կարելի ընկնել ծայրահեղությունների մեջ: Երբ ասում ենք հյուրեր, զբոսաշրջիկներ, ընկնում ենք ծայրահեղությունների մեջ: Մեր մայրաքաղաքում առանձնապես նայելու բան չկա, մենք Ամստերդամ չենք, ոչ էլ մեր հարևան Վրաստանը: Հիմա այդ շենքն էլ այն հիշողությունն է, որը դառը հիշողություն է»: Սա տպարանը պայթեցնողի՝ Կարապետյան Գենիկի մարտահրավերն է քաղաքին: Նրան, նրա նմանակներին և, առհասարակ, Երևանի գլխին կախված մյուս արհավիրքներին մենք կանդրադառնանք քիչ անց: Այժմ խորապես հասկանանք, թե, այնուամենայնիվ, ինչ է Երևանը: Հանրահայտ է, որ մեր հազարամյա աշխարհիկ կառույցներից գրեթե ոչինչ չի պահպանվել: Այսինքն՝ Երևանը մեր տասնյակ հայտնի-անհայտ և շեն-կենաց մայրաքաղաքների և այլ քաղաքների անդրադարձն է, Երևանը պատգամ է, Երևանը երկրի քաղաքակրթական համակարգի հիմնասյունն է և կամարն է: Թամանյանը կառուցեց այս Մասիսահայաց քաղաքը, քանզի նրան էր հայոց պատմությունը պատգամել կերտել հայկական նոր քաղաքի տիպար մայր ոստանը, «Նա տեսել է երևի արևային մի քաղաք», սա էլ ոսկեգրել է հրաշունչ պոետը՝ Չարենցը Եղիշե, ով, ի դեպ, հաճախ էր այցելում թիվ 1 տպարան, քանզի Հայպետհրատում Հակոբ Կոջոյանի, Տաճատ Խաչվանքյանի, Տարագրոսի և այլոց հետ դասական նրբաճաշակությամբ գրքեր էր ձևավորում:


Այսօր պետք է հստակ գիտակցենք, որ Երևանը սկսվում է թիվ 1 տպարանով և Թամանյանի մյուս ժառանգությամբ՝ Երևանի ՀԷԿ-ով: Քանզի 19-րդ դարի շենքերը (սկսած Աֆրիկյանների տնով և վերջացրած ԱՕԿՍ-ի շենքով) որքան էլ պատմական անշփոթելի հուշագրություն են Երևանի պատմության մեջ, որքան էլ դրանք գեղաշուք են և սիրված, այնուամենայնիվ, Եվրոպայից Ռուսիա ներթափանցած քաղաքային մշակույթի հայկական անդրադարձերն են, ուղղակի կառուցված են սև ու կարմիր տուֆաքարից: Այսպիսով, Երևանը շուրջ երեքհազարամյա պատմությունից ինչ է պահպանել. պարսկական սքանչելի Կապույտ մզկիթը, մեկ-երկու հինավուրց կամուրջ և վերոհիշյալ սևակարմիր տուֆաքարե առանձնատները: Երևանը քաղաք, առավել ևս մայրաքաղաք է դարձել Թամանյանի, Բունիաթյանի, Իսրայելյանի և այլոց երփնագիր ճարտարապետությամբ:

Ո՞Վ Է ԵՐԵՎԱՆԻ ԺԱՌԱՆԳՈՐԴԸ
(մայրամուտից առաջ հողմը մոլեգնեց)


Տեսանելի ապագայում ո՞ւմ է ծառայելու Երևանը: Զբոսաշրջիկների նրբաճաշակ հետաքրքրություններին: (Երևանյան սնկի պես աճող հյուրանոցները մի՞թե հաճախ անառակության որջեր չեն): Հանրահայտ է, իշխանակառավարական տեսլականներն առ Երևան ուղղակի ցնցող են, մայրաքաղաքում դեռ բազմաթիվ հյուրանոցներ կառուցելու անհրաժեշտություն կա, սա է այս շահկատակ ժամանակի հրամայականը՝ մայրաքաղաք Երևանը դարձնել սպասարկող, ծառայություններ մատուցող, յուր պատմամշակութային անհամար արժեքները ժամանցային տեսարժանության վերածող կուրտիզանուհու: Բայց, կներեք, Երևանը մի՞թե խոզակաշվե ձեռնոցակիրների տոհմական ժառանգությունն է: Կարծես թե ոչ: Սակայն դադար տանք և մեր արդար ցասումից չշնչասպառվելու նպատակով ունկնդրենք դրամատիկ քնարերգու Արամ Արտաշեսին.
Ո՞Ւմ զառանցանքն էր դա
և սև ցնորքն էր ո՞ւմ,
Թշվառության հանդես,
գեղեցկության մրցույթ:
Այն, ինչ բողբոջել էր մեր
տաք երազներում,
Այլևս չի ծաղկի հոգիներում
մեր ցուրտ:


Բայց կծաղկի, կբողբոջի մայրաքաղաքին «ինքնամոռաց սիրահարված» լլկիչների մթնախորշ ներաշխարհներում: Գենիկ-երևույթը, թերևս, ներկա օրերի ամենավտանգավոր գործամոլ տեսակն է, հանրորեն անճանաչ է (մինչև տխրահռչակ պայթեցումը), սակայն մարտնչող և հակապետական տասնյակ հայտնի օլիգարխներ կհասցնի ծովի եզերք և ծարավախեղդ հետ կբերի Երևան, նախապատրաստելու հերթական քաղաքային մորթը:
«Մեր մայրաքաղաքում առանձնապես նայելու բան չկա...»: Իհարկե, բան չկա, այս տեսակի համար «նայելու բան են» միայն գլամուրային-բաբելոնակերտ հյուրանոցները:
Սակայն պարզվում է, որ Գենիկ Կարապետյանն ուղղակի անթև հրեշտակ է: Ահա թե ինչպես է ժամանակին նրա ծննդյան տարեդարձը շնորհավորել մի այնպիսի լրջախոհ կառույց, ինչպիսին է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը, որի նախագահության և խորհրդի անդամ է նա:


«Նա միության ամենաակտիվ անդամներից է, նրա խոսքն ու կարծիքը ընդունվում է միանշանակ և, խոսքիս լիարժեք իմաստով, վայելում է ընկերների ու մտերիմների բացառիկ սերն ու հարգանքը: Որպես ղեկավար, գիտնական ու քաղաքացի արժանացել է բազմաթիվ բարձր պարգևների, որոնց մասին համեստորեն լռում է. այդպես էլ մենք վարվենք՝ մանրամասները թողնելով ձեր երևակայությանը»: Այո՜, աներևակայելի ուղիներով ահռելի կապիտալի տեր դարձած և խորապես դիմազրկված գործարարի այս տեսակը կառուցողական որևէ անելիք արդեն չունի: (Գենիկ Կարապետյանի շրջադարձը, իհարկե, պայմանավորված է երկրի շրջադարձով՝ արարումից դեպի սպառում): Զարմանալի է, ինչու զարմանալի, պարզապես զարհուրելի է սույն պարոնի անցած ուղին: Չէ՞ որ Գենիկ Կարապետյանը ղեկավարել է «Մաքուր երկաթ» ՓԲԸ-ն, չէ՞ որ նա փոշեմետալուրգիայի գծով տեխնիկական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր է, հարգարժան դասախոս է: Եվ ահա ամպամած մի օր նա լքում է «Մաքուր երկաթն» ու պողպատե կամքով ձեռք է բերում «Անի» և «Սիլ» հյուրանոցներն ու «Արենի» գինու գործարանը: Եթե մենք չզլանանք և 3-րդ դասարանցի մի տղեկի հարցնենք, թե այսօր որքան գումար է հարկավոր մահկանացու մեկին գնելու երկու նշանավոր հյուրանոցներ, մեկը՝ մայրաքաղաքի էլիտար, մյուսը՝ գործարար շրջաններում, և ձեռք բերել հռչակավոր «Արենի» գինու գործարանը, ապա տղեկը մեր անվարան կպատասխանի՝ առնվազն 50 մլն ֆունտ ստեռլինգ: Ահա հենց այստեղ է գարշահոտում անթաղ բորենու գլուխը՝ գիտնական-արտադրողը վերածվում է ասպատակողի: Հասկանալի է, որ նրա թիկունքում զորավոր ֆինանսական ուժեր են թաքնված: Զորավոր և հակահայկական ուժեր:

Կասկած կա՞, միթե, որ Գենիկ Կարապետյանը եզակի քանդարար չէ: Կասկած կա՞, միթե, որ հատկապես Թամանյանի և նրա հետնորդների ժառանգությունն է ամենատարբեր եղանակներով և ճանապարհներով դառնալու հուշ, արնածոր վերք և խարան քաղաքի և նրա մտամոլոր բնակիչների սրտում:


Խոսքը մերն է, երևանցիներ, ծեր ու ջահել, ոստիկան և գիտնական, լրագրող ու երգահան:
Եվ մեր խոսքը պետք է հնչի որպես համազգային մի վերջնագիր:
Եվ մեր խոսքը պետք է թև ու թիկունք դառնա 14-րդ բարեփոխիչ վարչապետի և նրա թիմակից-թիկունքակիցների համար: Հակառակ դեպքում ցիկլոպ-քանդարարը (սա է Երևանը հետևողականորեն թլպատողների ընդհանրական կերպարը) մայրաքաղաք Երևանը վերջնականապես կդարձնի ոտան կոխան: Դարձնում է...

ՀԵՏԳՐՈՑ-ՄՐՈՑ


1. Պայթեցված թիվ 1 տպարանի շենքի սեփականության իրավունքը պետք է փոխանցվի Երևանին:
2. Անհրաժեշտ է Գենիկ անունը դարձնել հասարակ անուն: Գենիկ նշանակում է քաղաք պայթեցնող:


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3696

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ